Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Այսքան ուրախ կյանքը մեզ տեսնես ո՞վ է պարգևել...

Այսքան ուրախ կյանքը մեզ տեսնես ո՞վ է պարգևել...
30.09.2008 | 00:00

«ԴՈՓՈՒՄ» ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ
Ես համաձայն չեմ «օրենքի տառին ու ոգուն հավատարիմ» այն վերլուծաբաններին, ովքեր նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունը գնահատելու համար ելակետ են ընդունում նախ, նրա աշխատանքի 100 օրը, ապա, ասենք, կես տարին, հետո` մեկ, և այդպես շարունակ…
Համաձայն չեմ ոչ միայն այն պատճառով, որ մարդը միանգամից ու հանկարծակի չի «լուսնից ընկել» կամ «դեսանտ իջել» Մարսից (ի վերջո, կանգնած է եղել մեր երկրի անկախության ակունքներում, մշտապես վարել է առանցքային պաշտոններ, և դրանց պտուղները բոլորիս աչքի առաջ են եղել…), այլև այն պատճառով, որ դեռ նախագահ լինելուց ու տարատեսակ խոստումներ տալուց առաջ նա նաև վարչապետ էր, ԱԺ-ում հանդես էր եկել կառավարության խիստ հավակնոտ ծրագրով և դեռ այն ժամանակ էր «քամի տատանողներին ուշադրություն չդարձնելու» հորդորներով տարատեսակ խոստումներ տվել` առաջարկելով հետևել իր աշխատանքի արդյունքին…
Չենք ուզում, իհարկե, տարիներով և տարիների մեջ կուտակված ամեն բան Սերժ Սարգսյանի ուսերին բարդել, բայց նույնիսկ ամենաչեզոք «տարեգիրն» անգամ ստիպված է թե հենց հիմա, թե տարիներ անց գոնե տնտեսական առումով փաստել, որ 2008 թվականը (իսկ դա ամբողջությամբ է անհրաժեշտ համարել Սարգսյանի գործունեության շրջան) գների աճի, արտահանման ու ներմուծման անհավասարակշռության, մենաշնորհների աճի կամ գոնե ակնհայտ երևակման, այսինքն` խոշոր հաշվով տնտեսական անկման և անարդարության ցցունության իմաստով ամենածանր տարին է եղել մեզ համար գոնե վերջին 12 տարիների ընթացքում: Ճիշտ է, նույն այդ տարեգիրը կամրագրի, որ հայկական առկա իրողություններին նպաստեց նաև համաշխարհային ճգնաժամը, բայց նաև կնկատի, որ ամեն Աստծո օր դրսում փոփոխվող և լավացող իրավիճակը (ասենք` հացամթերքի, վառելիքի գների անկումը) մեզանում «դոփում է» նույն տեղում…
Ինչ վերաբերում է ամերիկյան ֆինանսական շուկայում սկսված և աշխարհում տարածված վերջին ֆինանսական ճգնաժամին, որ տեսանելիորեն սկսվեց հայտնի «Lehman brothers» բանկի սնանկացմամբ, ֆոնդային շուկաների «դաժան արձագանքով ու ԱՄՆ-ի դաշնային պահուստային ֆոնդի կոշտ քաղաքականությամբ, ակնհայտ է, որ չնայած գավառական, կորած-մոլորած մեր հայրենիքը դրան չարձագանքեց հենց միայն խելքը գլխին ֆոնդային շուկա չունենալու պատճառով (իսկ եթե մի բան չկա, դրա ի՞նչը վնասվի), բայց շատ շուտով մենք դեռ կվայելենք դրա դառը պտուղները, ինչպես օրերս նախկին ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանն ասաց: Ինչ էր նա ասել` ակնհայտ է. «Մեծ իրադարձություններ առայժմ չեն սպասվում, բայց շատ շուտով նկատելու ենք, որ տրանսֆերտների որոշակի նվազում է նկատվելու, որը զգալիորեն պայմանավորված է նաև այն անբարենպաստ ֆոնով, որ ստեղծվել է 2008 թվականի անփառունակ ընտրությունների, մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով, և իրավիճակը չի փրկվի անգամ մամուլում հրապարակված մի քանի խոշոր գործարարների խոստացած ներդրումների ներհոսքի պարագայում»…
Ի դեպ, այս հանգամանքը բոլորովին վերջերս վկայեցին նաև իրենք` բանկիրները, ովքեր պնդեցին, որ իրապես էլ Հայաստան եկող տրանսֆերտները, ինչի հույսին էլ ապրում էր մեր քաղաքացիների մեծ մասը, նվազել են: Գուցե դա պայմանավորված է նաև ռուսական իրողություններով (ներկայիս վարչապետ, ամիսներ առաջ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ` ամենաշատ տրանսֆերտները վերջին տարվա ընթացքում գալիս էին Ռուսաստանից, և «այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրում կայուն տնտեսական աճ կլինի»), բայց փաստն այն է, որ մենք հայտնվել ենք «շրջանակի սկյուռի» վիճակում. երկրում աշխատատեղեր չկան` նորմալ արտադրության մեջ աշխատելու իմաստով, և արտահանում չկա, բնականաբար, բոլորս թմրամոլի նման կախված ենք ներմուծումից ու դրսի տրանսֆերտից, և եթե հիմա դա էլ չլինի կամ քրոնիկ կերպով պակասի, դժվար է ասել, թե ինչ է սկսվելու երկրում: Արդեն իսկ նկատել ենք, որ ի տրիտուր «նորաստեղծ ընտանիքներին բնակարան» խոստացող Սերժ Սարգսյանի խոստման` գնալով պակասող ֆինանսական միջոցները նաև թանկանում են, բանկային տոկոսադրույքները` բարձրանում, համակարգի ռիսկերը` ավելանում, ինչի պատճառով նաև ֆինանսավարվող տարիներն են կրճատվում, իսկ ահա հայոց աննկուն դրամը, որ նույնիսկ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո արժևորվեց, միայն վերջին մեկ ամսվա ընթացքում արժեզրկվեց մոտ 10 տոկոսով…Դա այնքան էլ ակնհայտ չեղավ սովորական քաղաքացիների համար, որովհետև, որպես կանոն, մեր ավանդական արտարժույթը դոլարն է, բայց այ, եվրո-դրամ հարաբերության ժամանակ դա ավելի քան ակնհայտ է: Ի միջի այլոց` նաև մտահոգիչ, որովհետև կառավարությունը դժվար թե կարողանա սրա դեմն առնել, օրինակ, աշխատավարձերի ու կենսաթոշակի բարձրացմամբ. դրանք ընդամենը գնաճային նոր ռիսկեր կբերեն` ավելի այլանդակելով իրավիճակը, իսկ ահա պղտոր ջրում ձուկ որսացողներին, այլ խոսքերով` գերշահույթ ստացող մոնոպոլիստներին, ԿԲ-ն դժվար թե կարողանա այլևս քիչ թե շատ զսպել տոկոսադրույքների բարձրացմամբ, որովհետև էլ ո՞ւր. դրանից այն կողմ արդեն առանց այդ էլ չեղած տնտեսությունը կքայքայվի…
ՈՒղիղն ասած, վերջին իմաստով ԿԲ-ից մի հաղորդագրություն է ընդամենը 2 օր առաջ ուղարկվել լրագրողներիս, որտեղ արդեն ստիպված նշում են, թե տոկոսադրույքների հետագա փոփոխությունները կախված կլինեն միջազգային տնտեսության իրավիճակից, գնաճային ճնշումներից, մեր բանկերի կողմից ներգրավվող միջոցներից ու նրանց ֆինանսավորումից: Էլ ո՞նց կլիներ` կարծես միշտ այդպես չի եղել, և ԿԲ-ն աչքաչափով է տոկոսադրույք բարձրացրել կամ իջեցրել: Խնդիրն իրականում այն է, որ մեր ԿԲ-ում ուղղակի խուճապ է. բա, իհարկե. մարդիկ հո չե՞ն կարող «ենթարկվել» Սերժ Սարգսյանի խոստումներին ու չասել, թե ինչն ինչոց է, և որ հույսներս կտրենք, օրինակ, հիպոթեքով բնակարան ունենալու հնարավորությունից: Այդ պատճառով էլ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը ոչ թե չի կամեցել, այլ իսկապես դժվարացել է նշել, թե մոտավորապես ինչպիսի փոփոխություններ կարող են լինել առաջիկայում, և առայժմ «բավարարվել է» մեր բանկերի պարտադիր, բայց շուկայական պայմաններում արդարացիորեն չվերահսկվող մարժայի ու նրանց կողմից տրվելիք վարկերի հնարավոր թանկացման կանխատեսմամբ…
Ահա այս պատճառով էլ անգամ օտարերկրյա փորձագետները կամ, ինչպես վերը նշեցինք, տարեգիրները, նկատում են, որ հայոց գործերն առնվազն լավ չեն: Օրինակ` չնայած Արժույթի միջազգային հիմնադրամի «տարածաշրջանային տիկնոջ» սեթևեթանքներին, թե մերոնք ընտիր քաղաքականություն են առաջ տանում, նույն ԱՄՀ-ի` Կենտրոնական Ասիայի և Միջին Արևելքի դեպարտամենտի ավագ խորհրդական Դավիդ Օուենը նկատել է, որ «Հայաստանում բավական մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել»: Նա, ի դեպ, իրավիճակին անդրադարձել է ռուսական մամուլում` վրաց-ռուսական հակամարտության համատեքստում, «ինչու չի կարելի պատերազմել սեփական տարածքում, եթե դու այն քոնն ես համարում» բովանդակությամբ…
Նորմալ է: Մեր վարչապետն ասում է` բան էլ չկա, սովորական քաղաքացին բան էլ չի զգացել, մեզ քննադատողների ասածները մեզ մոտ ժպիտ են առաջացնում, իսկ ահա մարդիկ մտահոգ են և հիշել են այն մասին, որ ոչ ավելի, ոչ պակաս` այս պատերազմի արդյունքում ուղիղ 680 մլն ԱՄՆ դոլարի վնաս ենք կրել, ինչը, ի տարբերություն Վրաստանի, որ ամեն տեղից օգնություն է ստանում, մենք դժվար թե որևէ տեղից կոմպենսացնենք, և որ միջազգային ճգնաժամի հետևանքներն էլ դեռ բոլորս կզգանք մեր մաշկի վրա: ՈՒրեմն` «Երևանն առիթ ունի ճգնաժամից զգուշանալու: Մի կողմից` ճգնաժամը կարծես թե ուժգնորեն չարտահայտվեց շուկայում, որովհետև ֆինանսական շուկան զարգացած չէ և ինտեգրացված չէ գլոբալ ֆինանսական շուկաներին, մյուս կողմից` արդեն իսկ այս պահին հայկական շուկայում տեղի չեն ունենում ակտիվ կրեդիտային օպերացիաներ: Տեղական բանկերն առայժմ լիկվիդայնության հետ կապված լուրջ խնդիր չունեն, բայց կապիտալի նրա հիմնական աղբյուրի` Ռուսաստանի պատճառով, այն կարող է և լինել»,- եզրափակել է Օուենը: Անհամեստություն չանենք, բայց մարդն ասել է մի բան, որ մեր կարճ խելքով էլ էինք վերը նկատել:
Հանգամանք, որը, չգիտես ինչու, ո՛չ մեր կառավարությունն է ուզում նկատել, ո՛չ առավել ևս` Սերժ Սարգսյանը։
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ
Հ.Գ.
-Քաղաքակիրթ տեսքով ու մանավանդ հոգեմաշ դասախոսություններով աչքի ընկնող մեր վարչապետի առաջ ես չգիտեմ էլ ինչպե՞ս վտանգի կոչնակ հնչեցնել, եթե ոչ հենց միայն Ազգային վիճակագրական ծառայության այն տվյալը մեջբերել, ըստ որի` վերջին 8 ամսվա ընթացքում Փոթիով հայերս արտահանել ենք ընդամենը 17 մլն ԱՄՆ դոլարի ապրանք` նույն այդ միջանցքով Հայաստան հասցնելով 151 մլն ԱՄՆ դոլարի ապրանք: Արդյոք հենց ա՞յս թվերն էին գրված Սերժ Սարգսյանի` դեռ վարչապետ եղած ընթացքում ԱԺ ներկայացրած հավակնոտ ծրագրում, և երբ ներկայիս վարչապետը նախարարներին խորհուրդ է տալիս, դրանից բացի, նաև նրա նախագահական` էլի հավակնոտ ծրագիրը վերընթերցել (կարծես շատ են ընթերցել, հիմա էլ` վերընթերցեն…), արդյոք հենց ա՞յս արդյունքներին հետամուտ լինելու հորդոր-պահանջով…

Դիտվել է՝ 4966

Մեկնաբանություններ